Հայաստան
28 մայիսի 2026 • 08:41
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ելույթով
Այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ.Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պարոնայք գեներալնե՛ր, սպանե՛ր, զինծառայողնե՛ր,
Սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ ժողովուրդ,
2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի երեք երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով, 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։
Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը Կառավարությունն ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհողությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ է ավելի, քան երբևէ, ինքնիշխան է ավելի, քան երբևէ, անվտանգ է ավելի, քան երբևէ։
Մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարկերով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, պետական այրեր,
Հայաստանի Հանրապետության քաղաքացինե՛ր, սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը, Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող և ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացրած հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր, ժամանակակից, պաշտպանունակ և ուժեղ բանակ։
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։
Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։