Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում
Կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին շարունակել վարչատարածքային բարեփոխումները:
Ազգային ժողովի մայիսի 6-ին գումարված հերթական նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ -ից:
Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:
Սյունիքի մարզում առաջարկվում է ձեւավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթեւ եւ Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:
Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:
Փոխնախարարի խոսքով մինչ օրս իրականացված 96 միավորման ծրագրերի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը 908-ից դարձել է 63: Նա ընդգծել է, որ շրջանային մոդելով խոշորացումը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ապահովելով համայնքների կառավարման բարելավում, ռեսուրսների արդյունավետ ներգրավում, ներդրումային ծրագրերի իրականացում եւ մասնագիտական ներուժի զարգացում:
Կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին շարունակել վարչատարածքային բարեփոխումները՝ շրջանային մոդելի կիրառմամբ: Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք, եւ նախագծի ընդունման դեպքում դրանց թիվը կդառնա 64, իսկ 7 համայնքներ կշարունակեն մնալ չխոշորացված:
Առնակ Ավետիսյանն ընդգծել է, որ նախագծի շուրջ քննարկումներ են անցկացվել շահագրգիռ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ համայնքների խոշորացումը երկարատեւ գործընթաց է անցել, եւ փորձը ցույց է տվել, որ հաջողել է:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։