Հայաստան
8 մայիսի 2026 • 06:02
Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը․ Սասուն Միքայելյան
Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, և մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության, մեր համազգային համախմբվածության արդյունքում վաղը էլ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու. Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան ուղերձ է հղել Երկրապահի օրվա առիթով։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:
Շնորհավորում եմ բոլորիս․
Շնորհավոր տո՛նդ, երկրապահ:
Շնորհավոր տո՛նդ, Սպարապետ:
Այս օրը մեր անկախության, պետականության և բանակաշինության կերտման, մեր անվտանգության ապահովման գաղափարի շուրջ համախմբման խորհրդանիշն է։ Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և պահպանել մարտական ընկերների, մեր զինվորականների, զինվորների, ժողովրդի արյամբ ու կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունը։
Վազգեն Սարգսյանն ասել է․ «Մի բուռ մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս։ Միջոցնե՞ր չկան՝ մի տեղից կտրիր, դիր մյուսի վրա։ Քո տունն է, քեզ տերուտիրականի նման պահիր, դու ես վանքից գալիս, մի թող ուրիշներն ասեն՝ «Ողորմի աստված»։
Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է՜ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Խելք-խելքի եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ․․․»։
Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է այդ հավաքական խելքն ու միասնությունը, որ կարողանանք արժանապատվորեն հզորացնել մեր հայրենիքը։ Մայիսի 8-ը, մայիսյան հաղթանակները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի, պետականության, պետության զարգացման ու հզորացման համար ամենօրյա աշխատանք է հարկավոր՝ նվիրումով և հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցումով։
Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, և մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության, մեր համազգային համախմբվածության արդյունքում վաղը էլ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։
Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին,
Համախմբում մեր ժողովրդին,
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: