Ընտրողներին պետք է պատրաստել հաղթանակի, բայց նաև խոսել անցանկալի ելքի ու դրանից հետո քայլերի մասին. Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանն ընդգծում է, որ սեփական ընտրողներին հաղթանակի պատրաստելուց զատ, պետք է բաց և անկեղծ խոսել նաև անցանկալի ելքի և դրանից հետո արվելիք քայլերի (օրինակ՝ մանդատները վերցնել-չվերցնելու) մասին։

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտ) վերջին հարցումներին և ընդդիմության նախընտրական մարտավարությանը՝ ներկայացնելով ուշագրավ տենդենցներ։
Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնողների թիվն աճել է, և գրեթե նույն չափով աճել են նաև իշխանության օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների տոկոսները։
«Այսինքն՝ այս պահին բարձր մասնակցությունը եթե լինելու է, ապա կոնսոլիդացված իշխանական ընտրազանգվածի առաջնորդությամբ։ Ընդդիմությունն էլ փորձում է ամեն բան անել իր ընտրազանգվածին տանելու ընտրության, ինչը կենսական է, բայց մեթոդաբանության արդյունավետությունը հարցեր է առաջացնում»,- նշում է նա։
Նախկին նախարարը հորդորում է ընդդիմադիր դաշտին հրաժարվել «հոգեբանական-կոգնիտիվ» այնպիսի դրսևորումներից, ինչպիսին է՝ «յախք, էս ինչ կեղտոտ պադյեզդ է» մոտեցումը.
-
Քննադատելով Փաշինյանի «կուկուռուզը կամ պեռաշկին»՝ անուղղակիորեն քննադատում եք բազմաթիվ սովորական մարդկանց ու վանում ձեզնից։
-
Ձեր «մաքրակենցաղությամբ» առաջ տարվող «մենք ձեզնից լավն ենք» թեզը երբեք չի հաղթի գործող ղեկավարի «ես ձեզնից մեկն եմ» արժանահավատ թվացող ձևակերպմանը։
-
Մոլորություն է կարծել, թե վերջին օրերի պահվածքի պատճառով Փաշինյանն ընտրազանգված է կորցրել։ Փոփոխությունը սկսվում է իրականությունն ընդունելուց, այլ ոչ թե ցանկալի արդյունքը հերքող հարցումները մերժելուց։
Արփինե Հովհաննիսյանն ընդգծում է, որ սեփական ընտրողներին հաղթանակի պատրաստելուց զատ, պետք է բաց և անկեղծ խոսել նաև անցանկալի ելքի և դրանից հետո արվելիք քայլերի (օրինակ՝ մանդատները վերցնել-չվերցնելու) մասին։
«“Արծրունական” (չափազանցված լավատեսական) խոսույթի հետևանքները բոլորն են զգացել իրենց մաշկի վրա՝ հիասթափություն, կոտրվել, ապատիա։ Ուստի ընտրության ժամանակ՝ ինչպես պատերազմում, չափը չպետք է անցնել ոչ ոգևորելուց, ոչ էլ դժվար խոսակցությունից։ Հունիսի 7-ից հետո էլ կյանք կա»,- գրում է նա։
Վերլուծության ավարտին նախկին պաշտոնյան հավելել է, որ թեև հարցումների բացարձակ թվերը «հալած յուղի տեղ» չի ընդունում, սակայն տողատակերն ու միտումները հստակ տեսանելի են, ուստի հարցման արժանահավատության շուրջ դատարկ քննարկումներն իմաստ չունեն։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: