Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը ուսումնասիրում են միջազգային պատվիրակները
Կարծում եմ՝ Հայաստանը կարող է օրինակ լինել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար.Բրազիլիայի պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբան
Դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով մեր երկրում են գտնվում միջազգային պատվիրակություններ, որոնք հետաքրքրված են հայաստանյան մոդելի արդյունավետությամբ և իրենց երկրներում ՀՀ փորձի տեղայնացմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
«Դպրոցական սննդի ծրագրերի կայուն ազգայնացումը՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով համաժողովին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Լեյլա Մելիուն, Բրազիլիայի պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանը և այլք:
Հայաստան են ժամանել վերոնշյալ կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ, Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք կմասնակցեն Կայուն դպրոցական սննդի ծրագրին նվիրված միջոցառումներին, մասնավորապես՝ կայցելեն ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներ՝ ուսումնասիրելու դպրոցական սննդի համակարգը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ ծրագիրը մեկնարկել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ։ Համատեղ ջանքերի արդյունքում դպրոցական սննդի կառավարման համակարգն ամբողջությամբ ազգայնացվել է և ներկայում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Այսօր արդեն հանրապետության բոլոր մարզային դպրոցների տարրական դասարանների ավելի քան 106 հազար երեխաներ ապահովված են դպրոցական սննդով՝ հիմնականում տաք սննդից օգտվելու հնարավորությամբ։ Մեկնարկել են աշխատանքները մայրաքաղաք Երևանում ծրագրի ներդրման ուղղությամբ․ սեպտեմբերից ծրագիրը փորձնական ձևաչափով կներդրվի մայրաքաղաքի որոշ դպրոցների տարրական դասարաններում:
Բրազիլիայի պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ պայքարի գերազանցության կենտրոնի տնօրեն և ներկայացուցիչ Դանիել Բալաբանի խոսքով՝ Հայաստանը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ձևավորել ազգային դպրոցական սննդի ծրագիր։
«Շատ հպարտ ենք տեսնել այս ծրագրի զարգացումը Հայաստանում։ Կարծում եմ՝ Հայաստանը կարող է օրինակ լինել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Բրազիլիայում այսօր ամեն օր սնունդ է ստանում շուրջ 40 միլիոն երեխա, սակայն ամենակարևորն առաջին քայլն անելն է։ Մենք սկսել ենք փոքր խմբերից և աստիճանաբար ընդլայնել ենք ծրագրի շահառուների շրջանակը։ Ամենակարևորը հանձնառությունն ու հավատն են։ Երբ դադարում ենք հավատալ, այլևս չենք կարող առաջ շարժվել։ Պետք է շարունակենք հավատալ, որ հնարավոր է երկրում բոլոր երեխաներին ապահովել դպրոցական սննդով»,- նշել է Դանիել Բալաբանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։