«Դավաճան Ալիև». թուրքերի միտինգը Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի առջև
Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև տեղի է ունեցել աղմկահարույց ցույց․ «Özgür-Der» կազմակերպությունը և ակտիվիստները բողոքել են Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի և Բաքու-Թել Ավիվ ռազմավարական դաշինքի դեմ՝ վանկարկելով «Դավաճան Ալիև» և «Մարդասպան Իսրայել» լոզունգները։

Հոկտեմբերի 3-ին Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի շենքի առջև «Özgür-Der» (Ազատությունների և կրթական իրավունքների ասոցիացիա) իրավապաշտպան-կրոնական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բողոքի ցույց։ Ակցիայի մասնակիցները բողոքի ձայն են բարձրացրել ինչպես Ադրբեջանի ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու փաստացի արգելքի, այնպես էլ Բաքվի և Իսրայելի միջև ռազմաստրատեգիական սերտ համագործակցության դեմ։ Ցույցին մասնակցել են Թուրքիայում գործող հասարակական-կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ադրբեջանական համայնքի ակտիվիստներ, որոնք պահանջել են անհապաղ վերանայել մահմեդական գլխաշորերի սահմանափակումները՝ դրանք անվանելով կրոնական ազատությունների ոտնահարում, և խստորեն դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների իսրայելամետ ու դաշնակցային քաղաքականությունը։
Իրավիճակի լարվածությունը մեծացել է Ադրբեջանի կառավարության կողմից դպրոցական համազգեստի նոր կանոնակարգի հաստատումից հետո, որը հիմնված է «Հանրակրթության մասին» օրենքի վերջին փոփոխությունների վրա։ Թեև փաստաթղթում «հիջաբ» բառն ուղղակիորեն չի նշվում, սահմանված նորմերը խստորեն ամրագրում են կրթության աշխարհիկ բնույթը և արգելում կրոնական խորհրդանիշներ պարունակող հագուստի տարրերը։ Դժգոհության ալիքն ավելի է ուժեղացել հայտնի շիա աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովի ձերբակալությունից հետո, ով սոցիալական ցանցերում կոշտ քննադատության էր ենթարկել այս արգելքները։
Ակցիան ստացել է նաև ընդգծված աշխարհաքաղաքական ու հակաիսրայելական բնույթ։ Հավաքվածները վանկարկել են կոշտ լոզունգներ, մասնավորապես՝ «Իսրայելը թշնամի է, դավաճան Ալիև» և «Մարդասպան Իսրայել, հանցակից Ալիև»։ Դիվանագիտական ներկայացուցչության առջև ելույթ ունեցողները հայտարարել են, որ Ադրբեջանը չի կարող «եղբայրական երկիր» համարվել, քանի որ հանդիսանում է Իսրայելի ռազմավարական գործընկերը։ Այս քննադատության համար լրացուցիչ համատեքստ է ծառայում նաև վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արձանագրված դեպքը, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթի ժամանակ բազմաթիվ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի լքեցին դահլիճը, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչը մնաց իր տեղում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։