Հայաստան
5 հունիսի 2026 • 08:39
Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման հարցով դիմել է դատարան
Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց՝ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։

Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` քարոզարշավին արված հայտարարությանը և դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մասնավորեցման մասին կառավարության 2002 թվականի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց՝ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։
«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ դատախազության` ամեն ինչ սկսվել է 2001 թվականին, երբ կառավարությունը որոշել է մրցույթով վաճառել գործարանի պետական բաժնետոմսերը։ Իրավապահ կառույցը հիշեցրել է, որ գնման հայտ էին ներկայացրել շվեյցարական «Holcim» և անգլիական «SK.Ajikawo Group» ընկերությունները. մրցույթում հաղթել էր շվեյցարական կողմը, սակայն շատ չանցած նրանց տնօրենների խորհուրդը հրաժարվել էր ներդրումային ծրագրից։
Ըստ դատախազության ուսումնասիրության՝ մրցույթը ձախողվելուց հետո կառավարությունը խախտել է օրենքով սահմանված 60-օրյա ժամկետն ու այլ պահանջներ, անտեսել է անգլիական «SK.Ajikawo Group» անվանումով ընկերության կողմից նախապես հայտնի գնորդ լինելու հանգամանքը և նշված ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու փոխարեն, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցրել է Բելգիայի Թագավորությունում հիմնադրված, ընդամենը 18 հազար 952 եվրոյի չափով կանոնադրական կապիտալ ունեցող, սննդամթերքի, կիսաֆաբրիկատների, տրանսպորտային միջոցների ներկրմամբ և արտահանմամբ, ինչպես նաև լվացքատների, բենզալցակայանների շահագործմամբ զբաղվող և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնու՝ Կարապետ Գուլոյանի հորեղբոր՝ Վահագն Գուլոյանի կողմից կառավարվող «Roberto» ՍՊ ընկերությանը:
Կառավարությունն այդ ժամանակ, ըստ դատախազության, բաժնետոմսերի գին է սահմանել 200 000 ԱՄՆ դոլար՝ գնորդին պարտավորեցնելով այն վճարել պայմանագիրը ստորագրելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում։
Գլխավոր դատախազությունը հիշեցրել է, որ խախտումներ է հայտնաբերել նաև գործարանին պատկանող հողատարածքների մասնավորեցման հարցում, ինչի հիման վրա 2026 թվականի մայիսի 27-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ պետշահերի պաշտպանության հայցը մտել է դատարան։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։