Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա այցելել Մատենադարան և տեսնել հայկական հնագույն հրաշալի հավաքածուները։ Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ։ Գրոնո

Մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել էր «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա այցելել Մատենադարան և տեսնել հայկական հնագույն հրաշալի հավաքածուները։ Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ։ Շատ շնորհակալ եմ ընդունող կողմին այս հնարավորությունն ընձեռելու համար և համոզված եմ, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար»,-շեշտեց Մագդալենա Գրոնոն։
Ավելի վաղ Գրոնոն եղել էր Ադրբեջանում, այցելել էր Ղարաբաղ, ինչից հետո սոցցանցային գրառում էր կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։ Այդ գրառումը Հայաստանում քննադատությունների առիթ էր հանդիսացել:
Գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանում իր այդ գրառումը, Գրոնոն պատասխանեց.«Ես, անշուշտ, չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը։ Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից»։
Գրոնոյի խոսքով՝ Եվրամիության համար գլխավորն այն է, որ անդրադարձ կատարվի խաղաղության գործընթացի բոլոր ասպեկտներին։ Ըստ նրա՝ դրանք ներառում են քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցեր, բայց նաև այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են հումանիտար հարցերն ու մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները։
«Կարծում եմ՝ հաշտեցումը լիարժեք դարձնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի նաև երկխոսություն ծավալել այս հարցերի շուրջ։ Լսել եմ երկու կողմերի տեսակետները և գիտեմ, որ դրանք խորը զգացմունքներ են արթնացնում նրանց մոտ։ Ուրախ էի նաև հանգստյան օրերին կատարածս այցի ընթացքում հնարավորություն ունենալ տեսնելու այն կարևոր ժառանգությունը, որն իրականում առկա է Ղարաբաղում»,-եզրափակեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։