Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետը
Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Բանակային խաղերը մեկնարկել են Դիլիջան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում՝ օգոստոսի 2-ին: Խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհավորել է բանակային հերթական խաղերի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանը բանակային խաղերի անցկացումը կարևորել է այն հանգամանքով, որ ծառայության և աշխատանքի մեջ նոր հարթություններ են ստեղծվում, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչները ստանում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. «Կարծում եմ, որ հենց այսօր՝ պարգևատրման արարողությունը դա ցույց տվեց։ Մեր գործընկերներից մի քանիսին պատվո հարթակին տեսանք ավելի քան մեկ անգամ, սա չի կարող պատահական լինել, սա ինչ-որ բան նշանակում է: Եվ հաստատ նշանակում է, որ այդ մարդիկ առավել մեծ ջանք են գործադրում և առավել կենտրոնացած են իրենց աշխատանքի և ծառայության մեջ»:
Վարչապետի խոսքով՝ այս հարթակը նաև ազդակ է տալիս, թե տարբեր ծառայություններում գործերի ընթացքն ինչ վիճակում է, ինչպես նաև մրցակցության որոշակի տարր է ստեղծում կազմակերպությունների ներսում, այդ թվում՝ գերատեսչությունների միջև: Երկրի ղեկավարը բանակային խաղերի անցկացումը կարևորել է նաև ծառայողների համար սոցիալական շփման նոր հարթակ, ինչպես նաև ուրախության և բերկրանքի առիթներ ստեղծելու առումով. «Կարծում ենք, որ սոցիալական կապերի ամրապնդումը կարևոր է պետության ամրապնդման համար, որովհետև, մանավանդ ժամանակակից կյանքում, աշխատանքն ավելի ու ավելի մեծ ժամանակ է տանում, կյանքի տեմպը մեծացել է, և հաճախ հնարավոր չի լինում սոցիալական շփման նոր հնարավորություններ ունենալ: Եվ ես հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանը, որ խաղերի մասնակիցներն անցկացնում են այստեղ, նաև նրանց որոշակի հնարավորություն է տալիս կտրվելու աշխատանքից»:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքի համար: «Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Շնորհակալություն եմ հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արդեն 4-րդ անգամ խաղերը կազմակերպելու համար, Պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է խաղերի անցկացմանը, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, որ հյուրընկալում է այս խաղերը, և նաև բոլոր մասնակից գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր քաջալերում են իրենց աշխատողներին, ծառայողներին, որ այսպիսի մասնակցություն ունենան»,- ասել է վարչապետը:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նաև օգոստոսի 8-ի առիթով և նշել. «Սա մի առիթ է, որը նոր էջ է բացել մեր պետության համար: Կարծում եմ՝ այն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացել մեր պետության համար: Ես համոզված եմ, որ բոլորս ունենք ուժ, կամք, վճռականություն և պատրաստ ենք լրացնել մեր իմացությունը, գիտելիքները և հմտությունները՝ այդ հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար»:
Վարչապետ Փաշինյանը հանձնել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցների պարգևները:
Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Հրաձգություն «ՊՄ» ատրճանակով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
1-ին տեղը զբաղեցրած մասնակցին հատուկ մրցանակը հանձնել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը։
Հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանը։
Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։
Ռազմականացված կրոսավազք մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ռազմամարզական քառամարտ մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Կազմակերպիչ կառույցներին շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։