Տարածաշրջան
26 հոկտեմբերի 2026 • 10:46
Բաքվից՝ ուղերձ Թուրքիային․ «Ադրբեջանը աշխարհիկ, իրավական պետություն է»
Ադրբեջանցի լրագրող Ազիզ Ալիբեյլին հայտարարել է, որ Ադրբեջանի դպրոցական կանոնները պետք է որոշվեն Բաքվում, ոչ թե թուրք պաշտոնյաների կողմից։

Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած լրագրող Ազիզ Ալիբեյլին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի պաշտոնից հեռանալուն՝ հայտարարելով, որ Ադրբեջանի դպրոցական կանոնները պետք է որոշվեն Բաքվում, այլ ոչ թե Թուրքիայի պաշտոնյաների կողմից։
«Սա դաս պետք է լինի Օքթայ Սարալի նման մարդկանց համար։ Ադրբեջանը աշխարհիկ, իրավական պետություն է։ Դպրոցական կանոնները սահմանում է Բաքուն, այլ ոչ թե Տրապիզոնի Օֆ շրջանից որևէ խորհրդական», — գրել է Ալիբեյլին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի պաշտոնից հեռանալը տեղի է ունեցել Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների շուրջ առաջացած տարաձայնությունների ֆոնին։
Հոկտեմբերի 12-ին Սարալը քննադատել էր Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը՝ հայտարարելով, որ անընդունելի է կրոնական համոզմունքների պատճառով աշակերտներին դպրոց չթույլատրելը։
Նրա հայտարարությունը դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում, որտեղ Թուրքիայի պաշտոնյայի խոսքերը գնահատվել էին որպես երկրի ներքին գործերին միջամտություն։
Հոկտեմբերի 25-ին Սարալը լրագրող Թալաթ Աթիլլային հայտնել էր, որ հեռացել է պաշտոնից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։ Հարցին՝ արդյոք այդ որոշումը կապված էր Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ, նա պատասխանել էր. «Այո՛, այդպես է թվում»։
Հոկտեմբերի 26-ին Սարալն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նաև ընդգծել է, որ պաշտոնից հեռանալը չի նշանակում հրաժարվել իր համոզմունքներից կամ Էրդողանին աջակցելուց։
Այսպիսով, Սարալի պաշտոնից հեռանալու հանգամանքների վերաբերյալ նրա հայտարարությունները տարբեր ձևակերպումներ են ունեցել։ Մինչդեռ Ադրբեջանի պահանջով նրան պաշտոնանկ անելու մասին տեղեկությունները շրջանառվել են լրատվամիջոցներում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում դպրոցական հագուստի կանոնների կիրառման շուրջ քննարկումները սրվել էին այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել գլխաշոր կրող աշակերտուհիներին դպրոց չթույլատրելու դեպքերի մասին։
Դպրոցական հագուստի կանոններով սահմանափակվում է համազգեստին չհամապատասխանող լրացուցիչ հագուստի օգտագործումը։ Թեև կանոններում գլխաշորի ուղղակի արգելք նշված չէ, դրանց կիրառման շուրջ դժգոհություններ են առաջացել։
Օքթայ Սարալը հրապարակայնորեն քննադատել էր այդ իրավիճակը՝ պաշտպանելով գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքը։
Դրան հաջորդել էին հրապարակումներ այն մասին, որ Բաքուն Անկարայից պահանջել է միջոցներ ձեռնարկել Սարալի նկատմամբ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։