Բաքուն Թուրքիայից եկող «հիբրիդային սպառնալիքի» մասին է խոսում
Ադրբեջանի խորհրդարանը կասկածում է՝ Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական հարձակում է

Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրել է վերջին օրերին Թուրքիայի տարածքից սոցիալական մեդիայի հարթակներում Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը։
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ որոշակի կենտրոնների կողմից իրականացվող արշավի նպատակն է վնաս հասցնել ադրբեջանա-թուրքական բարեկամական և դաշնակցային հարաբերություններին, մոլորեցնել հասարակական կարծիքը, քաղաքացիների շրջանում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անվստահություն ձևավորել և հասարակության մեջ բևեռացում առաջացնել։
Հանձնաժողովի պնդմամբ՝ քարոզչությունն իրականացվում է համակարգված կերպով՝ թիրախավորված գովազդի, ինչպես նաև սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների միջոցով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ արշավին աջակցում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող որոշ անձինք։
«Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրությամբ նման գործունեությունը կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն, արշավը դեռ շարունակվում է»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ։
Հանձնաժողովը հայտնել է նաև, որ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին։
Միաժամանակ հանձնաժողովը Թուրքիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել և չտրվել կեղծ տեղեկատվության ազդեցությանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։