Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ
Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը շարունակելու է զարգանալ.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
Բացման խոսքում փոխնախարարն ասել է.
«Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հյուրեր,
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։
Եվրոպայի օրը խաղաղության, միասնության, համերաշխության և ընդհանուր արժեքների տոնն է։ Այն հիշեցում է, որ Եվրոպան միայն աշխարհագրական տարածք չէ. այն առաջին հերթին արժեքների և սկզբունքների շուրջ ձևավորված համայնք է, որտեղ մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, ազատությունն ու համագործակցությունը հանդիսանում են համատեղ ապագայի հիմք։
Խորհրդանշական է, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո։ Եվ իսկապես, այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, և թե՛ մարդկանց միջև ձևավորվող և առավել զարգացող կապերի առումով։
Այս տարվա տոնակատարությունը Հայաստանի համար ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ տեղի է ունենում Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց։ Այդ օրերին Երևանը դարձավ Եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր կենտրոն՝ ի ցույց դնելով Հայաստանի աճող դերակատարությունը որպես երկխոսության և գործընկերության վստահելի հարթակ։ Հայաստանի և հայ ժողովրդի համար Եվրոպական միությունը լոկ գործընկեր չէ։ Այն նաև խաղաղության, ժողովրդավարության, համագործակցության և հնարավորությունների տարածք է։
Սիրելի՛ ներկաներ,
Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, առավել կարևոր է պահպանել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք միավորում են մեզ։ Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով խաղաղության, կայունության և բարօրության ամրապնդմանը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա կապակցությամբ:
Շնորհակալություն»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։