Առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ ներառելով 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները
Խորհրդարանական քննարկման ընթացքում գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ գործընկերներին առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենսդրական փաթեթը:
Այս բարեփոխումների առանցքային նպատակն է բարձրացնել երկրում ազդարարման համակարգի արդյունավետությունը, ապահովել դրա ինստիտուցիոնալ ու գործնական կատարելագործումը, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել Հայաստանի ստանձնած միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները:
ԱԺ հերթական նիստում փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը: Նոր կարգավորումներով առաջարկվում է արմատապես ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների և կազմակերպությունների շրջանակը:
«Այսուհետ ներքին ազդարարման համակարգեր ներդնելու պարտավորությունը կտարածվի նաև մասնավոր ոլորտի այն կազմակերպությունների վրա, որոնք ունեն 50 և ավելի աշխատակից»,- նշել է փոխնախարարը:
Բացի այդ, ընդլայնվում է նաև հենց «ազդարարում» հասկացության բովանդակությունը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է դրանում ներառել նաև փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:
Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծով հստակ պահանջ է սահմանվում, որ ներքին ազդարարման իրավասու մարմիններն ու մասնավոր ընկերությունները պետք է ստեղծեն հատուկ, վստահելի ուղիներ և ընթացակարգեր: Դրանք պետք է բացառեն տեղեկատվության արտահոսքը՝ երաշխավորելով.
-
Ազդարարի անձնական տվյալների գաղտնիության լիարժեք պահպանումը,
-
Ստացված հաղորդումների օբյեկտիվ, անկողմնակալ և պատշաճ քննությունը:
Նախագծերի փաթեթի ընդունումը սոսկ ներքին նախաձեռնություն չէ. այն բխում է Հայաստանի Հանրապետության մի շարք ռազմավարական փաստաթղթերից և միջազգային պարտավորություններից: Մասնավորապես, այն հանդիսանում է հետևյալ ծրագրերի բաղկացուցիչ մասը.
-
ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարություն և դրա իրականացման գործողությունների ծրագիր,
-
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի 5-րդ փուլի գնահատման զեկույց,
-
Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ստանձնած հանձնառություններ:
Խորհրդարանական քննարկման ընթացքում գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ գործընկերներին առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։