Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել TRIPP նախագծից. Ինչպե՞ս է վերահսկվելու պետական սահմանը
Նախարարն առանձնակի շեշտեց, որ ողջ գործընթացն իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։
Նախագիծն այժմ կուղարկվի Սահմանադրական դատարան, որտեղից դրական եզրակացություն ստանալուց հետո հարցի քննարկումը կտեղափոխվի Ազգային ժողով։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ստորագրման գործընթացն անցել է մի քանի փուլով.
-
2025 թ. օգոստոսի 8՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և վկայությամբ Վաշինգտոնում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվել է խաղաղության համատեղ հռչակագիրը։
-
2026 թ. հունվարի 13՝ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից ստորագրվել է «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ» փաստաթուղթը։
-
2026 թ. մայիսի 26՝ Երևանում Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաստորագրել են շրջանակային համաձայնագիրը։
-
2026 թ. հունիսի 1 և 4՝ Փաստաթուղթը հեռավար տարբերակով ստորագրվել է Վաշինգտոնում և Երևանում։
«Միջազգային պրակտիկայում և ՀՀ օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամանակյա, հեռավար պայմանագրերի ստորագրումն ընդունված պրակտիկա է»,- նշեց նախարարը՝ փարատելով հնարավոր տարակուսանքները։
Նախարարն առանձնակի շեշտեց, որ ողջ գործընթացն իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։
Հայաստանը պահպանում է իր լիարժեք իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։ Մասնավորապես, ՀՀ-ն պատասխանատու է մնում հետևյալ 6 առանցքային ուղղություններով.
-
ա. Անվտանգություն և իրավապահ գործունեություն,
-
բ. Սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն,
-
գ. Մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
-
դ. Հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
-
ե. Պետական տեղեկատվական համակարգեր,
-
զ. Պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։
Այս գործառույթների իրականացման համար կարող է կիրառվել front office/back office (առաջնային և հետնամասային գրասենյակներ) աշխատանքի բաժանումը, որտեղ առաջնային սպասարկման (front office) համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ:
Արարատ Միրզոյանը պարզաբանեց նաև մամուլում շրջանառվող լուրերը՝ կապված ամերիկյան նոր ընկերության հետ.
ՀՀ կառավարությունը և ԱՄՆ-ում ստեղծվելիք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ»-ն համատեղ հիմնադրելու են «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը» (որտեղ բաժնեմասերը նախնական բաշխվելու են 74/26 հարաբերակցությամբ՝ հօգուտ ԱՄՆ-ի, իսկ 49 տարի անց՝ 51/49 տարբերակով)։
Սակայն ներդրումների ներգրավման նպատակով ԱՄՆ-ում արդեն իսկ հիմնադրվել է առանձին ներդրմանային ընկերություն, որը կոչվում է «ԹՐԻՓՓ պլյուս»:
«Այն, ինչ մեր մամուլում երեկ և այսօր գրվել է, վերաբերում է հենց «ԹՐԻՓՓ պլյուս» ներդրումային ընկերությանը։ Սա Հայաստանի տարածքում գործող կամ հիմնադրվելիք ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ ունի միայն անուղղակի և միջնորդավորված կապ»,- պարզաբանեց ԱԳ նախարարը։
Նախարարի գնահատմամբ՝ համաձայնագրում առկա հստակ ձևակերպումները լիովին փարատում են հանրության շրջանում եղած մտահոգություններն ու վերջին ամիսներին նկատվող «չարամիտ շահարկումները»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։