Ապրիլի 24-ն ուխտի օր է, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից. Վեհափառ
Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։
Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։
Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։
Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։