Ապատեղեկատվություն, ատելության խոսք, «օլիգարխներին լոյալ» մեդիա․ նոր զեկույց ՀՀ ԶԼՄ-ների մասին
Նշվում է՝ լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում:

Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա վարկանիշը, որում ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ զգալի՝ 16 հորիզոնականով, հետընթաց է ապրել։
Եթե 2025 թվականին Հայաստանը վարկանիշում զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը, ապա հիմա՝ 2026-ին հայտնվել է 50-րդում։
Կազմակերպությունը ՀՀմեդիադաշտը բազմազան է նկարագրում, միևնույն ժամանակ շեշտում է՝ երկիրը «բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի և Եվրամիության միջև երկրի բարդ դիրքով»։
«Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են բախվել մտահոգիչ ճնշման իրենց խմբագրական քաղաքականության վրա», — ասվում է զեկույցում։
Լրագրողները ատելության խոսքի ու բռնության թիրախում
Նշվում է՝ լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում:
«Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ», — ասվում է զեկույցում:
Սրան զուգահեռ, սակայն, զեկույցում արձանագրվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ չկան կալանավորված կամ սպանված լրագրողներ ու մեդիայի այլ աշխատողներ։
Նշվում է նաև, որ որպես մասնագիտություն, լրագրությունը նսեմացվում է և ենթարկվում է հատկապես մտահոգիչ ծավալի ատելության խոսքի:
«Քաղաքական վերնախավի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց խորհրդականներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Նրանք անընդհատ վիրավորվում են, հարձակվում և ենթարկվում են վիրավորական զրպարտության համար նախատեսված դատական գործընթացների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը», — ասվում է զեկույցում։
«Օլիգարխներին լոյալ» մեդիա
Զեկույցում ասվում է՝ մեդիայի բևեռացումը պայմանավորված է քաղաքական բևեռացմամբ։
«Շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են ցուցաբերում անկախություն», — ասվում է զեկույցում։
Հիբրիդային հարձակումների փաստը զեկույցում
Նշվում է՝ ԶԼՄ-ների համար հատկապես զգայուն է քաղաքական երկու թեմա՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և «Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակաբար լարված հարաբերությունները»։
«Այս լարվածության պատճառով լրագրողները ավելի ու ավելի են բախվում համակարգված ապատեղեկատվական արշավների և աշխարհաքաղաքական շփման հետ կապված հիբրիդային ազդեցության գործողությունների, որոնք ավելի են աղավաղում տեղեկատվական տարածքը: Որոշ քաղաքական խմբեր թիրախավորում են լրագրողներին», — ասվում է զեկույցում։
ԶԼՄ-ների թափանցիկության խնդիրը
Զեկույցում նշվում է նաև, որ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող օրենսդրությունը բավարար չէ մամուլի ազատությունը պաշտպանելու համար, և «չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»:
Ասվում է, որ վերջին փոփոխությունները չեն լուծել ապատեղեկատվության խնդիրը:
«Պետական տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն)», — ասվում է զեկույցում:
Տնտեսական համատեքստ
«Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ մարդկանց կողմից կամ աջակցություն է ստանում ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Քիչ լրատվամիջոցներ են որդեգրել վճարովի բաժանորդագրության մոդելը, և գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները խուսափում են կառավարությանն ուղղված ցանկացած քննադատությունից»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։