ԱՄՆ հանձնաժողովի կոչը՝ պատժել Բաքվին եկեղեցիների ավերման և գերիների խոշտանգման համար
Հանձնաժողովի նախագահ Վիքի Հարցլերը իր հատուկ կարծիքում նշել է նաև հայ գերիների նկատմամբ կտտանքների, հոգեբանական ճնշումների և նույնիսկ խաչի տեսքով դաջվածքները այրելու միջոցով հեռացնելու դեպքերի մասին։

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) իր 2026 թվականի տարեկան զեկույցում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայկական պատմական հոգևոր ժառանգության շարունակական ոչնչացումը և հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակի ֆոնին USCIRF-ը խորհուրդ է տալիս ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանին պահել «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List), այդ թվում թիրախային պատժամիջոցներ կիրառել այն պետական գերատեսչությունների և պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատությունների կոպիտ խախտումների համար։
ԱՄՆ Կոնգրեսին նույնպես կոչ է արվում նաև սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ որպես նախապայման դնելով կրոնական ժառանգության պաշտպանությունը և մարդու իրավունքների վիճակի բարելավումը։ Փաստաթղթի հեղինակները նշեթ են՝ 2020 և 2023 թվականներին տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը շարունակում է հայկական կրոնական կոթողների թիրախավորման քաղաքականությունը։
Հիմնվելով արբանյակների լուսանկարների վրա, զեկույցում ասված է, որ 2025 թվականի հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները թույլ են տվել նույնականացնել ութ ամբողջությամբ ոչնչացված և ևս տասը վնասված կրոնական օբյեկտներ, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և մշակութային այլ արժեքներ։ Հանձնաժողովն ընդգծում է՝ Բաքուն ջնջում է տարածաշրջանում քրիստոնեական ավելի քան 2000-ամյա ներկայության հետքերը։ Բացի այդ, ահազանգեր են ստացվում այն մասին, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ։
Հանձնաժողովի նախագահ Վիքի Հարցլերը իր հատուկ կարծիքում նշել է նաև հայ գերիների նկատմամբ կտտանքների, հոգեբանական ճնշումների և նույնիսկ խաչի տեսքով դաջվածքները այրելու միջոցով հեռացնելու դեպքերի մասին։ USCIRF-ում եզրակացրել են, որ Ադրբեջանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ, եթե ակնկալում է լիարժեք ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։