2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ՀՀ ֆինանսների նախարար
Զեկուցողի խոսքով կապիտալ ծախսերի աճը հիմնականում ուղղվել է մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Վահե Հովհաննիսյանը կարևոր ձեռքբերումներից է համարել հարկային եկամուտների առաջանցիկ աճը:

2025 թվականին արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարի հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ հունիսի 8-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
«2021-2025 թվականների մենք մեծացրել ենք կապիտալ ծախսերի մասնաբաժինը՝ 3,1 տոկոսից հասցնելով 6,2 տոկոսի»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ հնարավոր է եղել զսպել ընթացիկ ծախսերի աճը՝ այն 25,9 տոկոսից նվազեցնելով մինչև 23,1 տոկոս:
Զեկուցողի խոսքով կապիտալ ծախսերի աճը հիմնականում ուղղվել է մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Վահե Հովհաննիսյանը կարևոր ձեռքբերումներից է համարել հարկային եկամուտների առաջանցիկ աճը:
Խոսելով պետական բյուջեի պակասուրդից՝ նախարարը նշել է, որ այս ընթացքում այն միջինում կազմել է 3,2 տոկոս: 2025 թվականին պակասուրդը կազմել է 3,7 տոկոս, որը հնարավորություն է տվել նվազեցնել պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ում:
Անդրադառնալով արտաքին զարգացումներին՝ զեկուցողը փաստել է՝ 2025 թվականն աչքի է ընկել աշխարհում աճի թույլ տեմպերով, գնաճի աստիճանական թուլացմամբ, դրամավարկային քաղաքականության մեղմացմամբ:
2025 թվականին հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 12 տոկոսով: Նշվել է, որ ընթացիկ տարվա հունվարից ապրիլ հայկական ծագման ապրանքների արտահամումն աճել է 33,9 տոկոսով, ինչը, ըստ Վահե Հովհաննիսյանի, դրական ազդակ է 2026 թվականի տնտեսական աճի համար:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 101,3 տոկոս, աճը՝ շուրջ 12 տոկոս: Ծախսերը կատարվել են 95,8 տոկոսով, այդ թվում՝ ընթացիկ ծախսերը՝ 97,5, կապիտալ ծախսերը՝ 89,6 տոկոսով:
Զեկուցողը ներկայացրել է նաև Ֆինանսների նախարարության ծախսերը, որոնք եղել են 353,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,5 տոկոս:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը